
236 դիտում
Ավտոմեքենայի հրդեհի ժամանակ իրավիճակը զարգանում է վայրկյանների ընթացքում։ Հանրապետական շտապ օգնության ծառայությունը հորդորում է լինել զգոն և հիշել այն կանոնները, որոնք կօգնեն խուսափել ծանր այրվածքներից և վնասվածքներից։
Նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել.
Անսովոր հոտեր (բենզին, գազ, այրվող պլաստիկ)։
Ծուխ շարժիչի հատվածից կամ սրահից։
Վառելիքի կամ այլ հեղուկների արտահոսք մեքենայի տակ։
Ձեր գործողությունները վտանգի դեպքում.
Կանգնեցրե՛ք մեքենան անվտանգ վայրում և անջատե՛ք շարժիչը։
Անմիջապես տարհանե՛ք բոլոր ուղևորներին։ Մի՛ փորձեք վերադառնալ իրերի կամ փաստաթղթերի հետևից։
Հեռացե՛ք անվտանգ տարածություն (առնվազն 30-50 մետր)։
Ահազանգե՛ք 911 (Փրկարար ծառայություն) և 103 (Շտապօգնություն), եթե կան տուժածներ կամ ծխահարվածներ։
Ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել.
Մի՛ բացեք շարժիչի ծածկը, եթե այնտեղից ծուխ է դուրս գալիս։ Թթվածնի ներհոսքը կհանգեցնի բոցի ակնթարթային բռնկման՝ պատճառելով դեմքի և ձեռքերի ծանր այրվածքներ։
Մի՛ փորձեք ինքնուրույն մարել կրակը, եթե այն արդեն տարածվել է։ Պայթյունի վտանգը ցանկացած պահի իրական է։
Կարևոր է հիշել.
Էլեկտրական և հիբրիդային մեքենաների հրդեհի դեպքում արտադրվում են խիստ թունավոր գազեր։ Նույնիսկ եթե բաց կրակ չկա, ծխի ներշնչումը կարող է առաջացնել շնչուղիների ծանր թունավորում։
Մեքենան վերանորոգելը հնարավոր է, կորցրած առողջությունը՝ ոչ միշտ։ Եղե՛ք զգոն, պահպանե՛ք անվտանգության կանոնները և հոգ տարե՛ք Ձեր ու Ձեր մտերիմների մասին